ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Աբեղյանը, Լեոն և մյուսները

Աբեղյանը, Լեոն և մյուսները
21.06.2024 | 13:22

Մի տարի, կարծեմ՝ 32 թվի աշնանը, այնպես պատահեց, որ Մանուկ Աբեղյանը և ես միասին էինք Արզնի կուրորտում. կենում էինք միևնույն սենյակում: Այդ նույն ժամանակ Արզնիում էր նաև մեր վաստակավոր պատմաբան Լեոն: Նա ապրում էր կից սենյակում, օգտվում նույն պատշգամբից:

Աշնան հաճելի արևոտ օրերն էին: Մեր երկու տարեց գիտնականները նստում էին դուրեկան արևի տակ և զրուցում, իսկ մենք՝ երիտասարդներս, լսում էինք հարգանքով: Զրույցների նյութը գլխավորապես մեր անցյալն էր՝ հայոց գրականության ու պատմության այս կամ այն խնդիրը:

Ավելի ակտիվ էր Լեոն. իր ճարտար, պատկերավոր ու էմոցիոնալ լեզվով նա մեզ փոխադրում էր մերթ Արցախ՝ մելիքների ազատագրական պայքարի վայրերը, մերթ Անի՝ բանալով բյուզանդացիների հյուսած խարդախության ցանցը այդ դժբախտ քաղաքի շուրջը, մերթ Վան՝ արաբների արշավանքի արհավիրքները նկարագրելու, մերթ Կ.Պոլիս կամ Թիֆլիս՝ տեղական իշխանությունների ստորությունները պարզելով հայոց հարցի նկատմամբ:

Իսկ Աբեղյանը այդ զրույցներին միջամտում էր՝ երբեմն մոռացված փաստեր հիշելով, և ավելի հաճախ հիշեցնելով, որ դեռ շատ բան պետք է ստուգել ու ճշտել մեր պատմության մեջ:

...Կուրորտի գլխավոր բժիշկ Մադաթյանը, որ մի կիրթ մարդ էր, սովորաբար բանվորների ու ծառայողների հետ խոսում էր հայերեն, իսկ ինտելիգենցիայի հետ՝ ռուսերեն: Լինելով թւֆլիսեցի՝ լավ չէր տիրապետում գրական լեզվին, վախենում էր սխալ անել, ուստի մտավորականների հետ խոսելիս գերադասում էր ռուսերենը:

Եվ ահա մի օր մեր սենյակը գալով, դիմեց Աբեղյանին.

-Здравствуйте, товарищ Абегян. Как чувствуете себя?

Աբեղյանը վեր կացավ տեղից, բարևեց նրան և ասաց.

-Բժիշկ, ինձ հետ խոսում են հայերեն:

Մադաթյանը կարմրեց, շփոթությունը ծածկելու համար ժպտաց և շարունակեց իր թերի հայերենով տեղեկանալ, թե ինչպես է Աբեղյանի ինքնազգացողությունը:

Աբեղյանը շնորհակալություն հայտնեց և բժշկի գնալուց հետո ասաց, որ ինքը բնավ դեմ չէ, որ հայ մտավորականներն օտար լեզուներ իմանան:

-Ես ինքս մի քանի լեզու գիտեմ: Ես ուզում եմ, որ հարգենք և լավ սովորենք մեր լեզուն, որովհետև, եթե մեր մտավորականները չխոսեն մայրենի լեզվով՝ չեն զարգանա ոչ մեր լեզուն, ոչ մեր կուլտուրան...Լեզուն նախապայմանն է ազգային կուլտուրայի:

Ստեփան Զորյան. «Հուշեր»

Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 8617

Մեկնաբանություններ